«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում տարեվերջին կայացած վերջին գիտական լսումը վերաբերում էր կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման ժամանակակից մեթոդներին, զեկուցողը Կրծքագեղձի վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արմեն Քոչարյանն էր։
Բանախոսը ներկայացրեց վիճակագրություն կրծքագեղձի քաղցկեղի տարածվածության մասով, խոսեց ախտորոշման, բուժման առանձնահատությունների, սկրինինգային ծրագրերի անհրաժեշտության և բնակչության տեղեկացվածության կարևորության մասին։
Նա առանձնահատուկ կարևորեց ուռուցքաբանական խորհրդի դերը կրծքագեղձի քաղցկեղով հիվանդների բուժման մեջ, երբ յուրաքանչյուր պացիենտի վիրահատության հարցը պետք է քննարկվի ուռուցքաբան կրծքային-վիրաբույժների, ճառագայթաբանների, ախտաբանների մասնակցությամբ։ Բուժման տակտիկայի հարցում որոշիչ դեր ունեն նաև քիմիաթերապևտները։
Արմեն Քոչարյանը ներկայացրեց օրգան-պահպանողական և ռեկոնստրուկտիվ վիրահատությունների կատարման հայկական և համաշխարհային փորձը, որի շնորհիվ կրծքագեղձի քաղցկեղը այլևս դատավճիռ չէ, այլ բուժելի հիվանդություն, իսկ բուժման ժամանակակից մեթոդները հնարավորություն են տալիս երկարացնել հիվանդի կյանքի տևողությունը՝ հնարավորինս առանց կյանքի որակի խաթարման։
Գործընկերները բազում հարցեր ուղղեցին ներկայացված զեկույցի վերաբերյալ, այդ թվում՝ իմպլանտների ընտրություն, իրականացվող տեղեկատվական աշխատանքներ, ինքնազննման մասին գիտելիքների ձեռք բերում և այլն։
.png)